Նորավանք վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ չի մտել միայն այն պատճառով, որ համալիրին կից տարածքում հանրային սնունդի կետ է կառուցվել։ Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պատմաբան, հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի անդամները հեռվից տեսել են համալիրի հարեւանությամբ կառուցված շինությունը, նույնիսկ չեն  մոտեցել Նորավանքին։ «Յուրաքանչյուր հուշարձան ունի պահպանվող տարածք, եւ եթե այդ տարածքում ժամանակակից շինություններ են հայտնվում, ապա պատմական հուշարձանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներով, չի կարող մտնել ցուցակի մեջ»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ Նորավանք վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում։ Մենաստանի տարածքում տեղակայված է նեղ սանդուղքներով երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 13-14-րդ դարերում մենաստանը դարձել է Սյունիքի եպիսկոպոսի նստավայրը, այնուհետեւ՝ Հայաստանի հոգեւոր եւ մշակութային խոշոր կենտրոնը։