Թեեւ նախօրոք տարածած հաղորդագրությանը, ըստ որի բացօթյա առեւտրի մեծաքանակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա պետք է իրականացնեն կառավարության շենքի առջեւ, այսօր` հուլիսի 14-ի առավոտյան Հանրապետության հրապարակ եկան ընդամենը 5-6 ցուցարար: Նրանք կրկին պահանջում են իրենց թույլ տալ առեւտուր անել բացօթյա վայրերում:

Ինչպես NEWS.am-ին ասաց ցուցարարներից Հովհաննիսյան Գայանեն` ԳՈՒՄ-ի շուկան շատ բարձր տեղի վարձավճար է սահմանել` օրական 6000 դրամ, իսկ ձմերուկի դեպքում` 8000 դրամ: Բունիաթյան Գայանեն էլ իր հերթին նշեց, որ տարիքի պատճառով ոչ մի տեղ աշխատանքի ընդունվել չի կարողանում, քանի որ 25-ից բարձր կանանց համար աշխատատեղեր չկան: 

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը քաղաքի մի շարք վայրերում մինի շուկաներ է կազմակերպել` համեմատաբար ցածր վարձավճարով:

Սակայն քաղաքի որոշ տեղամասերում ներկայումս կարելի է հանդիպել բացօթյա առեւտրի: Մասնավորապես` ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքում ձմերուկի եւ սեխի բացօթյա առեւտուր է ընթանում միանգամայն անարգել: