Ադրբեջանի նախագահն իր ժողովրդի առջեւ սկսել է մաս առ մաս ներկայացնել բանակցային գործընթացի ճշմարտությունը։ «Նոր ժամանակ» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ խոսելով այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության թեմայով իր վերջին ելույթի ժամանակ Իլհամ Ալիեւը հիշատակեց Մադրիդյան սկզբունքներում Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին կետը:
«Ալիեւը փախչելու տեղ չունի եւ ստիպված է քայլ առ քայլ իր ժողովրդի առջեւ բացել «մադրիդյան պատկերը»։ Դա սկսվում է նրանից, որ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ հիշատակում է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու մասին»,- նկատեց Բեքարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի նմանօրինակ վարքը կարելի է մեկ քայլ առաջ համարել։ «Լիարժեք ստից նա անցում է կատարել կիսաստին, եւ իր ժողովրդի առջեւ «խոստովանել» ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մասին»,- ընդգծեց փորձագետը։
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ ԼՂ խաղաղ համաձայնագիրը համաձայնեցնել առանց Հիմնարար սկզբունքների աշխատանքներն ավարտելու, Բեքարյանը նշեց. «Սա բոլորովին այլ օպերա է։ Մամեդյարովի հայտարարությամբ Ադրբեջանը փորձում է նախանշել բանակցությունների այս փուլից հրաժարվելու ճանապարհները։
Անհրաժեշտ է ասել, որ վախենալով տարիներ շարունակ խաբված սեփական ժողովրդի արձագանքից՝ ալիեւյան կլանն այսօր առավել ուժեղ է կառչել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս ստատուս-քվոյից»,- ամփոփեց Բեքարյանը։




























