2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով հարցաքննվել են եւս 140 վկաներ: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն այսօր` հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում: Նշենք, որ դատախազությունը «բաց դռների օրեր» է կազմակերպում լրագրողների համար` բնակչությանն ավելի լավ տեղեկացնելու մարտիմեկյան դեպքերի հետաքննության արդյունքների մասին:
Քննչական խմբի ղեկավարի խոսքով, վկաները, սակայն, սահմանափակվում են ընդհանուր նկարագրողական ցուցմունքներով եւ առայժմ քննության համար կարեւորություն ներկայացնող տվյալներ չեն հայտնել:
Խոսելով ինտերնետում զետեղված հոլովակի մասին` մարտյան իրադարձությունների տեսագրությամբ, Վահագն Հարությունյանը հայտնել է, որ քննությունը պարզել է, թե որ հասցեից է տեղադրվել այդ հոլովակը: Հասցեատերը Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն է: Սակայն վերջինս պնդում է, որ անձամբ հոլովակը չի տեղադրել, իսկ իր հասցեից կարող էր օգտվել անձանց մեծ շրջանակ: Ըստ Հարությունյանի` հոլովակի տեղադրումը հանցագործություն չէ, սակայն չի բացառվում, որ հոլովակը տեղադրողը լրացուցիչ տվյալների տիրապետի:
Խոսելով երեք նախագահների հարցաքննության հնարավորության մասին, Վահագն Հարությունյանը կրկնել է, որ դրա անհրաժեշտությունը դեռ չկա:




























