Ղարաբաղցիների ճակատագիրը որոշելու համար հարկավոր է նրանց հետ ուղիղ խոսել: Այդ մասին «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղին անկախություն տալը կամ Հայաստանին միավորվելը երբեք չի եղել եւ չի լինի բանակցությունների թեմա»:
«Թերեւս մի օր Ալիեւը հասկանա, որ Ղարաբաղի ժողովրդի հետ սպառնալիքների կամ ուժի լեզվով խոսելն անհեռանկար գործ է: Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին առաջին միտքն ասելով` նա միանգամից «հայերի ագրեսիվության մասին» հաջորդ միտքն է տարածում, որպեսզի պարզ դառնա, թե որտեղից են Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մասին խոսակցությունները: Եթե վաղը-մյուս օրը խոսք գնա Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման մասին, չեմ զարմանա, որ Ալիեւն ասի, թե հայերը եւս 5 ադրբեջանական գյուղ են գրավել, դրա համար իրենք ստիպված են եղել համաձայնել Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման հետ»,- ասել է Բեքարյանը:
Խոսելով Ալիեւի հայտարարության մասին, թե Հայաստանը ձգտում է պատերազմ սկսել, քաղաքագետը նշել է, որ Ալիեւը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանը «ադեկվատ է» այդ հարցում, ինչպես Ադրբեջանը: «Պարզ է, որ Հայաստանը որեւէ պատերազմով չի սպառնացել: Հայաստանի պաշտոնյաների, եւ առաջին հերթին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում նշվել է համարժեք պատասխանի մասին, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»,- հիշեցրել է նա:




























