Երրորդ ուժ Հայաստանում չի կարող ձեւավորվել, քանի որ չկա մեկ ուժ, որը կհամախմբի մնացած ուժերին ընդդեմ իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը: «Այսօր սոցիալիստները փորձում են իրենց համար դաշտ ստեղծել, ազատականներն` իրենց համար, այսինքն` հաստատ երրորդ ուժ չի ձեւավորվի»,-նկատեց Անտինյանը` հավելելով, թե իրենց ուզածը գաղափարական հենքի վրա համախմբումն է:
Նրա խոսքով` ՀԱԿ-ն ու իշխանությունը գործում են նույն դաշտում. իշխանությունը ձեւավորել է երեք կենտրոնամետ ուժերից բաղկացած կոալիցիա, ինչը փորձում է անել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ-ը դարձնելով մեկ կենտրոնամետ ուժ:
Անտինյանի խոսքով` ՀԱԿ-ն այսօր մի խնդիր ունի իշխանության առաջ: «Ապահովենք նորից ընտրվես, դու էլ իմանաս, որ մեզ ես պարտական: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է իշխանությանը` լեգիտիմությունդ ինձանից ստացի ու վայելի»,-հայտարարեց Անտինյանը:
Հարցին, թե ինչի՞ դիմաց ՀԱԿ-ը պետք է նման քայլ անի` ՀՌԱԿ ատենապետը կոնկրետ պատասխան տալ չկարողացավ: Նա նշեց, որ ՀԱԿ-ն իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում 30 տեղ է ունենալու ԱԺ-ում: «Բայց նրանք միշտ հայտարարում են, թե մենք էդ 30 տեղի համա չենք պայքարում եւ ամեն մեկը կարծում է, որ ինքն այդ 30-ի մեջ կա: Դա թիմը պահելու լավագույն ձեւն է»,-նկատեց բանախոսը:
Հարցին, թե իսկ ի՞նչ տեղի կունենա, երբ պարզվի, որ ԱԺ-ում ՀԱԿ-ին հատկացված տեղերը քիչ են խոստացվածից, Անտինյանն արձագանքեց. «Է, հա, ենթադրենք խաբված ավանդատուների նման դուրս եկան փողոց, հետո՞ ինչ: Հո Լեւոն Տեր-Պետրոսյանը միակը չի՞, որ խաբել է ժողովրդին, 20 տարի է` խաբում են, էլի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի մեջ ամենանեղ շրջանակի մարդիկ հաստատ չեն տուժի, քանի որ այդ նեղ շրջանակի մարդիկ չեն տուժել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք: 10 տարի նրանք չեն տուժել, նրանց բիզնեսն էլ չի տուժել, նրանց կարգավիճակն էլ չի տուժել»:




























