Արցախյան հիմնահարցը լուրջ դիվանագիտական ծուղակի առջեւ է կանգնած, ինչպես հայ-թուրքական հաշտեցման ֆուտբոլային դիվանագիտությունը: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով` հուլիսի 14-ին, ռուսական եւ ամերիկյան դիվանագիտությունը ԼՂ հարցում կոնսենսուսի եկավ, ինչը կարող է բերել քաղաքական ճգնաժամի: «Չնայած փակագծերը մերոնք չեն բացում, ոչ էլ ռուսները, բայց սպասվում է մի տարբերակ, երբ առաջին զոհը Հայաստանը կլինի եւ կպահանջեն մի քանի տարածք տալ: Միջազգային դիվանագիտությունը չի նախատեսում Արցախի հստակ կարգավիճակ` զիջումների դիմաց, միայն միակողմանի զիջումներ առայժմ: Հակառակ դեպքում` Հայաստանի նկատմամբ սպասվում են բոլոր կողմերից ճնշումներ»,- ասաց մարքսիստը:

Նա հայկական դիվանագիտությունը ճգնաժամից դուրս բերելու երկու տարբերակ է տեսնում: Դավիթ Հակոբյանի կարծիքով` հանրապետությանն օդ ու ջրի նման անհրաժեշտ է թայմ աութ, որին հասնելու համար կա’մ Հայաստանն է դուրս գալիս բանակցային գործընթացից` ԱԺ-ի որոշմամբ եւ իր տեղը զիջում է Արցախին` որպես բանակցող կողմ, կա’մ ՀՀ նախագահը հրաժարական է տալիս: «Արցախի` որպես բանակցությունների գլխավոր սուբյեկտ հանդես գալու դեպքում մի ռացիոնալ տարբերակ կա: Արցախի ԱԺ որոշմամբ` Արցախն իր Սահմանադրությամբ հաստատված 14 հազար ք/կմ-ով մտնում է ՌԴ-ի կազմի մեջ` որպես ներքին քաղաքական սուբյեկտ` հանրապետության կարգավիճակով»:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները, որոնք քննարկվել են վերջին ժամանակներս երեք նախագահների ձեւաչափով եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ռուսաստանի ԱԳ նախարարը հուլիսի 11-ին այդ նույն քննարկել է նաեւ Վաշինգթոնում: