ՀԱԿ-իշխանություն երկխոսությունում ՀԱԿ-ի պահանջը արտահերթ ընտրություններն են, իսկ օգոստոսին կայանալիք հանրահավաքում այն հստակեցվելու է եւ պահանջելու են արտահերթ նախագահական ընտրություններ: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է բարոյական հաղթանակ տանել  եւ թեկուզ մեկ ամիս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելով` հասարակությանը ցույց տալ, որ հաղթանակ են տարել: Նրա կարծիքով` ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունն իշխանության համար ժամանակ շահելու միջոց է:

ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունն ընդդիմության համար մեկնարկել էր ավելի վաղ, իսկ «Ազատիչի համար` Կազանից հետո»: «Ես ՀՀ բոլոր նախագահներին էլ հարգել եմ իրենց դրական կողմերի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ձեւավորել ենք ընդդիմություն, գաղափարական պայքար: Նա արժանապատիվ հրաժարական տվեց, ինչը չկարողացավ անել Ռոբին Հուդն ու չի անում Ազատիչը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Գլխավոր մարքսիստը նշեց, որ նախագահը պետք է լուծի երեք հարց`ազգի միասնության, ֆիզիկական եւ կենսաբանական անվտանգության, Արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլի խնդիրները:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել էր, որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: ՀՀԿ-ից աշխատանքային  խմբում կընդգրկվեն խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: ԲՀԿ-ն, իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, աշխատանքային խմբում կընդգրկի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ Վարդան Բոստանջյանին։: «Օրինաց երկրից» ընդդիմության հետ երկխոսող աշխատանքային խմբում կընդգրկվեն կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։

Մինչ այդ ՀԱԿ-ը նույնպես իշխանության հետ երկխոսելու համար խումբ էր ձեւավորել: