Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարություն է արել, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։

«Թանկագին հայրենակիցներ, նորից դիմում եմ ձեզ։ Ողջամտություն ցուցաբերեք։ Մի տրվեք ներսի եւ դրսի սադրանքներին։ Քաղաքացիական եւ ռազմական գերատեսչությունների ծառայողական շինությունները գրոհելու կոչերը բացարձակապես անօրինական են։ Դա հանցագործություն է։ Որին կարող է հաջորդել պատիժը։

Իշխանությունը չի ընկնի։ Բայց մեզ կոնֆլիկտ հարկավոր չէ։ Այլ փոխադարձ վստահություն։

Դիմում եմ երիտասարդությանը, մի թունավորեք մերձավորների կյանքը։ Բոլոր օրինական խնդրանքները եւ պահանջները ուշադիր հաշվի կառնվեն։ Կընդունվեն համապատասխան որոշումներ։ Վաղը տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն այդ բոլոր հարցերի վերաբերյալ։ Հույս ունեմ՝ ողջամիտ կլինեք։

Այժմ խաղաթղթի վրա է նաեւ ձեր ողջամտությունը։ Եվ մեր երկրի տեղն արդի աշխարհում»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Ավելի վաղ Տոկաեւը դիմել էր ցուցարարներին, որոնք ընդվզել էին հեղուկացված գազի գնի բարձրացման պատճառով։

«Կառավարությունը իրեն տրված լիազորությունների շրջանակում, երկրում կայունության ապահովման նպատակով, որոշում է կայացրել իջեցնել Մանգիսթաուի մարզում հեղուկացված գազի գինը՝ մեկ լիտրը 50 թենգե։ Դիմում եմ խնդրանքով ցուցարարներին, մի հետեւեք ապակառուցողական անձանց կոչերին, որոնք շահագրգռված են խափանելու մեր հասարակության կայունությունն ու միասնությունը։ Սոցիալ-տնտեսական բնույթի մյուս պահանջները կդիտարկվեն առանձին, այդ թվում մայրաքաղաքում վաղվա աշխատանքային խորհրդակցության ընթացքում»,- գրել էր նա Թվիթերում։

Ավելի վաղ՝ հունվարի 2-ին,  Ժանաոզենի բնակիչները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով իջեցնել հեղուկացված գազի գինը։ Ավելի ուշ ակցիաներ տեղի ունեցան նաեւ Աքթաուի փողոցներում։ Ցուցարարները փակել էին ճանապարհները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը արձագանքել է իրավիճակին եւ կառավարությանը հանձնարարել շտապ դիտարկել իրավիճակը Ժանաոզենում՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունն իրավական դաշտում։ Կառավարությունում հայտարարել են, որ կիջեցնեն գազի գինը 85-90 թենգեի։ Ցուցարարները պահանջել են գինը սահմանել 50 թենգե։

Հաջորդ օրը Ղազախստանի էներգետիկայի նախարար Մագզում Միրզաղալիեւը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ պարզաբանել է արժեքի բարձրացման պատճառները եւ ներկայացրել մարզի գործարանների ընթացիկ վիճակը։

Երկուշաբթի՝ հունվարի 3-ի երեկոյան, Մանգիսթաուի մարզի ակիմ Նուրլան Նոգաեւը հանդիպում է ունեցել Աքթաուի մեքենա ունեցողների հետ, որոնք պահանջում էին իջեցնել հեղուկացված գազի գինը։ Բայց ցուցարարներն ամբողջ գիշերն անցկացրել են հրապարակում։

Բացի այդ, Տոկաեւը հանձնարարել է իրավապահ մարմիններին ապահովել հանրային կարգի պահպանումը։

«Թենգիզշեւրօյլում» եւ «Կալամկաս» հանքավայրում արտադրական գործունեությունը չի դադարել։ Աշխատանքը շարունակվում է հաստիքային ռեժիմով, այն դեպքում, երբ «Կալամկասմունայգազ»-ի, նավթի սպասարկման եւ կապալառու կազմակերպությունների աշխատակիցների որոշ մասը աշխատանքային հերթափոխի դուրս չի եկել։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի կառավարության անդամների, իր աշխատակազմի աշխատակիցների եւ շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների հետ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի հարցերի վերաբերյալ։

Հունվարի 4-ի հանդիպման ժամանակ հնչեցվել են որոշումներ, որոնք ընդունվել են Աքթաուի նախաձեռնող խմբի հետ բանակցությունների ընթացքում, այն է՝ հեղուկացված գազի գնի իջեցում եւ մեկ լիտրը 50 թենգե Մանգիսթաուի մարզում՝ «Կազմունայգազ» ԲԸ սոցիալական պատասխանատվության շրջանակում։