Հայաստանի Սահմանադրական դատարանը հերթական անգամ արձանագրել է, որ ներպետական դատարանները հակասահմանադրական վճիռներ են կայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արես» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արամազդ Կիվիրյանը: Նրա խոսքով, իրենց վստահորդի` ապահովագրական ընկերության դեմ հայց էին ներկայացրել, որ նա փոխհատուցում վճարի ավտոմեքենայի վնասի համար: Ընկերությունը մերժել էր վնասի հատուցումը` պատճառաբանությամբ, որ մեքենան վթարից հետո տեղաշարժվել է, վարորդը լքել է դեպքի վայրը, չի ներկայացրել սթափության արձանագրությունը, խախտել է ապահովագրական վկայագրին կից սահմանված պայմանները:
«Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցվորի հայցն ամբողջ ծավալով, եւ պատճառաբանել, որ ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժել ապահովագրական հատուցման վճարումը, եթե այդ այդ մերժումը սահմանված չէ օրենքով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս անփոփոխ էր թողել վճիռը, իսկ վճռաբեկ դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել գործը»,- նշեց փաստաբանը:
Ըստ Կիվիրյանի, Սահմանադրական դատարանն ընդունել էր գործը վարույթ, ավելին, նշել, որ գործը կարեւոր նշանակություն ունի ապահովագրական դաշտի համար, եւ բանավոր նիստ անցկացնելու որոշում է կայացրել:
«ՍԴ-ի հուլիսի 14-ի որոշմամբ փաստվել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1003 պրիմ հոդվածը չի հակասում Սահմանադրությանը, սակայն դատարանները փաստացի կայացրել են հակասահմանադրական որոշումներ», նշեց փաստաբանը:




























