Վրաստանում կրոնական միավորումներին, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանի որոշումը, որը հաջորդեց Գարեգին Բ-ի Վրաստան այցին, Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների ակտիվ համագործակցության արդյունք է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ընդ որում, նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների համագործակցությունն ընթանում է` շրջանցելով Ջավախքի խնդիրները: Ողջունելով Վրաստանի խորհրդարանի տվյալ որոշումը` Մանոյանը նկատել է, թե նախքան վերջնական եզրակացություններ անելը պետք է սպասել այդ օրենքի իրականացմանը: Միեւնույն ժամանակ նա տարակուսանք է հայտնել վրացական ընդդիմության դիրքորոշման կապակցությամբ, ովքեր իրենց ժողովրդավարներ են համարում, սակայն դեմ են արտահայտվում օրինագծին:
Նշենք, որ Վրաստանում բողոքի ալիք բարձրացավ խորհրդարանում տվյալ որոշման ընդունումից հետո, որին դեմ է նաեւ Վրաց պատրիարք Իլյա Բ-ն:




























