Դժվար է հիմա ինչ-որ կանխատեսումներ անելը, թե ինչ կլինի Ղազախստանում, որովհետև ամեն ինչ շատ արագ է փոխվում և ինտերնետի հետ կապված խնդիրներ կան, այսինքն հիմնական հեռուստաընկերությունները փակ են, կայքերը չեն աշխատում, շատ սուղ է նաև պաշտոնական տեղեկատվությունը, որ հասնում է մեզ, բայց ընդհանուր առմամբ կարելի է իրավիճակը բավական ծանր գնահատել, ամեն պահին հնարավոր է, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս, Ղազախստանի հարցերով փորձագետ Շուշան Խաչատրյանը:

Հարցին, թե արդյոք այս զարգացումներում կարող է նաեւ դրսի հետք լինել, եթե այո, ապա որ ուժերն են դրանում շահագրգռված, նա պատասխանեց. «Խնդիրը բավական բազմաշերտ է։ Այսինքն շատ դժվար է հստակ պնդել, որ սա միայն ներքին խնդիր է և ոչ մի արտաքին ազդեցություն չկա։ Նախ, ներքին հակաիշխանական ուժերը կարող են սա օգտագործել իրենց օգտին։ Մյուս կողմից՝ նաև արտաքին ազդեցությունը ես չեմ բացառում՝ նաև հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը: Նաև գիտենք, որ մոտակա օրերին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և դրանից էլ որոշակի զարգացումներ են սպասվում։ Սրա հետևում նաև արտաքին շահեր սպասարկող ինչ-որ ուժեր կարող են լինել։

Այն, որ Ղազախստանում սոցիալ-տնտեսական խնդիրներ կային և կան, դա փաստ է, որովհետև տենգեի արժեզրկում է նկատվել վերջերս, Քովիդով պայմանավորված բավականին մեծ խնդիրներ առաջ եկան, նաև ընդհանուր համաշխարհային իրավիճակը նպաստեց դրան։ Այսինքն ներքին  օբյեկտիվ պայմաններ կային և չի բացառվում, որ արտաքին ուժերի կողմից լինի որոշակի պասիվ միջամտություն այս ամենին։ Սա փորձելու են օգտագործել հակակառավարական ուժերը, արտաքին ուժերը: Շարժումն այս պահին չունի կոնկրետ ղեկավար, բայց չի բացառվում, որ ապագայում սա կդառնա հակաիշխանական շարժում՝ հեղաշրջում»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք բանը կարող է հասնել նրան, որ Ղազախստանը դիմի Ռուսաստանի օգնությանը, եւ ինչպես այդ դեպքում կպահի Ռուսաստանը, ղազախագետն արձագանքեց. «Ոչ պաշտոնական տվյալներով և նաև որոշակի կասկածելի աղբյուրների պնդմամբ դեռևս երեկ գիշերվանից Ակտաու քաղաքում ռուսական հատուկ ջոկատայիններն էին զբաղված ցուցարարների դեմ գործողություններ իրականացնելով։ Այն, որ Ռուսաստանը հետևում է այս ամենին և կարծում եմ անհրաժեշտ պահին որոշակի ֆինանսական և ռազմական օգնություն կցուցաբերի, կարծում եմ՝ բնական է եւ այդպես էլ կլինի: Այսինքն Ռուսաստանը եթե կարիք լինի, կմիջամտի, նաեւ ուժի, բարոյական, ռազմական աջակցություն կցուցաբերի, մանավանդ մենք մեր աչքի առաջ ունենք Բելառուսի օրինակը»:

Շուշան Խաչատրյանի խոսքով, չնայած, որ Ղազախստանը բավական հանգիստ երկիր է, բայց ընդհանուր տարածաշրջանն անհանգիստ է, և փորձագետները Ղազախստանն անվանում են ռումբի վրա կառուցված երկիր, որը մի փոքր կայծից կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնել. «Երկիրը բազմաէթնիկ է, ինչը նշանակում է, որ բազմաթիվ են հարցերը։ Նման դեպքեր Ղազախստանում էլի են եղել․ 2011 թվականին նույն Ժանաոսենում հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում, որոնք էլի սկսվել էին սոցիալական խնդիրների բարձրացմամբ։ Այս ցույցերը շատ արագ ճնշվեցին, բախումների պատճառով 15 մարդ էր զոհվել։ Կա նաև Կարագանդայի օրինակը, երբ էլի փոքրիկ կենցաղային վեճը վերածվել էր բավական մեծ ակցիաների։