ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զինվորական ստորաբաժանումներն Աֆղանստանից: Այդ մասին հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչ, մայոր Մայքլ Վուննին:
Մայորի խոսքով, նախօրեին Աֆղանստանը լքել են մոտ 650 զինծառայողներ, որոնք ավելի վաղ տեղակայված էին Փարվան նահանգում:
«Այդ զինծառայողներն առաջինն են, որ դուրս են բերվել Աֆղանստանից առանց ռոտացիոն կարգով նոր զինծառայողներով փոխարինվելու»,- հայտարարել է Վուննը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հայտարարել էր, թե մտադիր է այս տարի 10 հազար զինծառայողներ հանել Աֆղանստանից, եւ դուրս բերումն սկսվելու է արդեն հուլիսից: Մինչեւ 2012թ ամառ նախատեսվում է դուրս բերել 33 հազար զինծառայողների, իսկ մինչեւ 2014 թվականը` ողջ վերահսկողությունը հանձնել աֆղանական ուժերին:




























