Ռուսաստանը նախնական պլան չի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իր դերն ակտիվացնելու համար, քանի որ ռուսաստանցի եւ ոչ մի գործիչ չէր կարող կանխորոշել, թե ինչպես դրան կվերաբերեր ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, «Վեստնիկ Կավկազա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` ընդգծելով, որ Մոսկվայի ակտիվացմանը հարավկովկասյան գործընթացներում այդ երկու երկրների արձագանքը կարող էր եւ այդքան էլ չեզոք չլինել:
Նրա խոսքով, Հարավային Կովկասի տարածաշրջանում Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն անուժ գտնվեցին: «Դա վերաբերում է ոչ միայն ռուս-վրացական հակամարտությանը, Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, այլեւ Լեռնային Ղարաբաղին: Դուք ասում եք, որ Ռուսաստանն այնտեղ հիմա ձիու վրա է, բայց Ռուսաստանն էլ, իմ կարծիքով, ինչ-որ պատրանք է փորձում ստեղծել: Այդ իրավիճակը չլուծված է, այն անհնար է լուծել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը անզիջում են, ինչպես եւ Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է փորձագետը:
«Ի հայտ է գալիս, իհարկե, լուրջ լծակ` Nabucco-ն: Դա հզորագույն գործիք է, այն լինելու է համաշխարհային էներգետիկ քաղաքականության գլխավոր խողովակներից մեկը, որտեղ միլիարդների հասնող ներդրումներ են լինելու: Դրանից կախված են լինելու մի ամբողջ շարք պետություններ, եւ ոչ ոք շահագրգռված չէ, որ խափանումներ լինեն: Ադրբեջանը պետք է գիտակցի այն ահռելի պատասխանատվությունը, որ ստանձնելու է»,- նշել է փորձագետը:




























