Եվրամիությունը հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելու ֆոնին։ Եվրահանձնաժողովը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, գրում է Deutsche Welle-ն։

«Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք նաեւ զսպվածության եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ Ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ Ղազախստանում օտարերկրյա զորքերի ներկայությանը։ Նա նաեւ զսպվածության կոչ է արել կողմերին: