ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտության իրական ռիսկի մասին։
«Դաշնակիցները քննարկել են Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ռազմական կուտակումը Ուկրաինայում եւ նրա շուրջ, ինչպես նաեւ դրա հետեւանքները եվրոպական անվտանգության վրա: Մենք ցավում ենք, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ռուսաստանը երկար շաբաթներ քայլեր չի ձեռնարկում լարվածության թուլացման համար։ Ռուսական ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է տասնյակ հազարավոր մարտական զորքերով եւ ծանր սպառազինությամբ, ինչպես նաեւ սպառնացող հռետորաբանությամբ եւ հարեւանների դեմ ուժ կիրառելու փորձով: Հակամարտության վտանգը իրական է։ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները լրջորեն խաթարում են անվտանգության կարգը Եվրոպայում»,-ասել է Ստոլտենբերգը։
«Դրական ազդանշան է, որ Ռուսաստանն այժմ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ի վերջո, երբ լարվածությունը մեծ է, երկխոսությունն ավելի կարեւոր է դառնում»,- ասել է նա։
«Հաջորդ շաբաթ հանդիպումների շարքը Ռուսաստանի համար հնարավորություն է ցույց տալու, որ լրջորեն է վերաբերվում երկխոսությանը եւ դիվանագիտությանը։ Մենք միշտ պատրաստ ենք լսելու Ռուսաստանի մտահոգությունները, եւ ՆԱՏՕ-ն բոլոր ջանքերը կգործադրի՝ քաղաքական ուղի գտնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Մենք նաեւ սերտ խորհրդակցության մեջ ենք այլ կարեւոր գործընկերների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ֆինլանդիան եւ Շվեդիան, ինչպես նաեւ Եվրոպական միությունը:
ՆԱՏՕ-ն բարեխղճորեն եւ ըստ էության երկխոսելու է Ռուսաստանի հետ, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաեւ դիվանագիտության ձախողմանը: Ուստի այսօր նախարարներն ընդգծել են, որ Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ագրեսիա կունենա էական հետեւանքներ, եւ դրա համար Ռուսաստանը թանկ գին կվճարի»,-հավելել է Ստոլտենբերգը։




























