Թուրքական ռազմական ինքնաթիռները հինգշաբթի եւ ուրբաթ օրերին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը եւ թռիչքներ իրականացրել հունական երեք կղզիների վրայով։ Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքական չորս F-16 կործանիչների խումբը ուրբաթ օրը թռիչք է իրականացրել Ինուս կղզու վրայով՝ 24000 ֆուտ (7315 մետր) բարձրության վրա։ Ավելի ուշ թուրքական F-16 զույգը թռչել է Ռո կղզու վրայով 27000 ֆուտ (8229 մետր) բարձրության վրա, այնուհետեւ նույն երկու ինքնաթիռները թռչել են Պանայա եւ Ինուս կղզիների վրայով 29000 ֆուտ (8839 մետր) բարձրության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Proto Thema թերթը, հինգշաբթի օրը, երբ Հունաստանում նշվում էր Աստվածահայտնության տոնը, Թուրքիան «շարունակել է իր սադրիչ գործողությունները՝ չնայած երկու երկրների միջեւ առկա վստահության միջոցներին, որոնք նախատեսում են ռազմական գործողությունների կանխարգելում ազգային եւ կրոնական մեծ տոներին»:





























