Թուրքիան հանձնառու է Միջերկրական ծովում Հունաստանի հետ խնդիրների խաղաղ կարգավորմանը եւ հունական կողմին հրավիրում է հանդիպման Անկարայում՝ հարցերը լուծելու համար, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։
«Չնայած բոլոր սադրանքներին՝ մենք առաջարկում ենք հանդիպել, հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար։ Հրավիրում ենք (հունական կողմին - խմբ.) Անկարայում հանդիպման։ Մենք ցանկանում ենք, որպեսզի հանդիպումներին խնդրահարույց հարցեր քննարկվեն եւ գտնեն իրենց լուծումը։ Մենք ընդամենը սա ենք ասում: Չնայած մեր ողջ խաղաղ մոտեցմանը՝ նրանք շարունակում են խախտել մեր օդային տարածքը, տարածքային ջրերը»,- հայտարարել է նա։





























