ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ դաշինքի եւ ՌԴ-ի միջեւ ռազմական բախման վտանգը պահպանվում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել՝ իրենց տարաձայնությունները կարգավորելու համար։ Այսպիսի կարծիք է նա հայտնել կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հնարավոր է քաղաքական լուծում գտնել՝ հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները։ <...> «Սակայն հակամարտության վտանգը մնում է»,- ասել է Սթոլթենբերգը՝ «դաշինքի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունների սրման դեպքում» սպառնալով ՆԱՏՕ-ի կանխարգելիչ միջոցներով։ Նա հավելել է, թե ՆԱՏՕ-ն «հուսով է, որ լավագույնը կլինի եւ ջանասիրաբար կաշխատի այդ ուղղությամբ, բայց նաեւ կնախապատրաստվի վատագույնին»։

Սթոլթենբերգը եւս մեկ անգամ նշել է, որ դաշինքը պատրաստ չէ քննարկել դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքները, ինչպես պահանջում է Մոսկվան, քանի որ դա կհակասի կազմակերպության «հիմնական սկզբունքներին»։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը պատրաստ են երկխոսության մեջ մտնել կոնֆլիկտային իրավիճակների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ «սպառազինությունների վերահսկման, ռազմական գործունեության ավելի մեծ թափանցիկության, զորավարժությունների եւ  հաղորդակցական գծերի [ապահովման] ջանքերի շուրջ»։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է, որ կողմերի միջեւ տարաձայնությունները լուծելու վերջնական լուծում չի գտնվի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը։ Նա ասել է, որ առաջընթաց գրանցելու համար բանակցությունների մի քանի փուլ է անհրաժեշտ։ «Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները»,- ասել է Սթոլթենբերգը։ «Մենք ավելի վաղ արդեն ապացուցել ենք, որ կարող ենք փոխզիջումների գնալ եւ լուծումներ գտնել Ռուսաստանի հետ»։

Հունվարի 10-ին Ժնեւում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ են նախատեսված։