Հինգշաբթի օրը Վիեննայում տեղի կունենա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի 2022թ․ առաջին փակ նիստը։ Հանդիպման առանցքային թեման կլինի Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի կողմից այս տարածաշրջանային կառույցի մասնակից պետություններին Լեհաստանի նախագահությամբ առաջնահերթությունների ներկայացումը ԵԱՀԿ-ում, որը հունվարի 1-ից Շվեդիայից անցել է Վարշավային։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ հատուկ թեմատիկ քննարկում չի սպասվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Տարեսկզբին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հիմնադիր ժողովն ավանդաբար նվիրված է գործող նախագահի ծրագրի ներկայացմանը եւ կազմակերպության 57 անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններին, որոնցում նրանք եվրոպական անվտանգության որոշ հարցեր կարող են շոշափել։ Լեհաստանի նախագահությունում հայտնել են, որ Ռաուն կներկայացնի 2022 թվականի ծրագիրը՝ շեշտադրելով տարածաշրջանային եւ սառեցված հակամարտությունների կարգավորման համար նախաձեռնությունները՝ տարածաշրջանային կառույցներին եւ ԵԱՀԿ ինստիտուտներին աջակցության ճանապարհով, հակամարտության գոտիներում խաղաղ բնակիչներին աջակցելու ջանքերը եւ ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն զարգացման խթանման գործողությունները՝ համավարակից վերականգնման պայմաններում։

ԵԱՀԿ մասնակից երկրները նաեւ կկարողանան հանդես գալ հայտարարություններով՝ Լեհաստանի առաջնահերթությունների եւ այս կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իրենց տեսլականի մասին: Լեհաստանի նախագահության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ սա ԵԱՀԿ տարածաշրջանում առանձին լարվածություններին նվիրված հատուկ նիստ չի լինելու։ Խոսելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի բանակցությունների քննարկման հնարավորության մասին՝ նա նշել է, որ այս տարվա առաջին հանդիպումը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին պետք է տեղեկացնի, թե որոնք են լինելու Լեհաստանի առաջնահերթությունները։ Ռաուն նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ լրագրողների համար համատեղ ասուլիս կանցկացնի։