Բրազիլիայի համընդհանուր ընտրություններն այս տարի փորձություն կդառնան երկրում ժողովրդավարության համար, որին սպառնալիք է ներկայացնում նախագահ Ժաիր Բոլսոնարոն, ով կասկածի տակ է դրել նրա քվեարկության համակարգի օրինականությունը, հայտարարել է Human Rights Watch-ը:

Իր ամենամյա զեկույցում Human Rights Watch-ը Բրազիլիայի Գերագույն դատարանին, Կոնգրեսին եւ ժողովրդավարական այլ հաստատություններին կոչ է արել զգոն մնալ եւ դիմակայել հոկտեմբերյան ընտրությունները խափանելու Բոլսոնարոյի ցանկացած փորձին:

«Նախագահ Բոլսոնարոն փորձել է թուլացնել ժողովրդավարության հիմնասյուները՝ հարձակվելով դատական համակարգի վրա եւ կրկնելով ընտրակեղծիքների մասին անհիմն մեղադրանքները»,- ասել է Բրազիլիայում Human Rights Watch-ի տնօրեն Մարիա Լաուրա Կանինեուն:

Զեկույցում ասվում է, որ նրա կառավարությունը տարբեր ոլորտներում առաջ է մղում մարդու իրավունքներին հակասող քաղաքականություն, ներառյալ՝ բնիկ ժողովուրդների իրավունքները, կանանց իրավունքները, սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքները եւ կարծիքների արտահայտման ազատությունը: