Մեդիակայսրության սեփականատեր Ռուփերթ Մերդոքն ու նրա որդին` Ջեյմսը, ովքեր պատասխանատու են կորպորացիայի բրիտանական ստորաբաժանման գործունեության համար, հուլիսի 19-ին հայտնվել են բրիտանական խորհրդարանի լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջ:
Այդ հանձնաժողովում լսումները դատական նիստեր չեն, բայց պատասխանները կարող են լույս սփռել տեղի ունեցած սկանդալի մեջ կորպորացիայի ղեկավարության ունեցած դերի վրա, գրում է newsru.ru-ն` վկայակոչելով BBC-ն:
Ռուփերթ Մերդոքը ընդհատելով որդու ելույթը, ասել է. «Սա իմ կյանքի ամենանվաստացուցիչ օրն է»: Նրա խոսքով, ինքը շոկի մեջ է եղել, երբ իմացել է իր մեդիակորպորացիայում գաղտնալսումներ անելու մասին: Դա ստիպել է Մեդոքին ամոթի զգացում ապրել: Նա նաեւ հայտնել է, որ իր կորպորացիայում անհանդուրժող են ցանկացած անօրինական գործունեության հանդեպ:
Մերդոքն իրեն մեղավոր չի համարում, իսկ մեղավորությունն, ըստ նրա, ընկնում է նրանց վրա, ում ինքը վստահել է: Այն պահին, երբ նրա որդին սկսել է խոսել գաղտնալսումների զոհերին հնարավոր վճարումների մասին, հայրն ընդհատել է Ջեյմսին, գրում է BBC-ն:
Մերդոք-կրտսերը խորհրդարանին հայտնել է, որ «քննադատական տեղեկատվությունը», որ News for the World-ի լրագրողները կապ ունեն բջջային հեռախոսների անօրինական գաղտնալսումների հետ, իր տրամադրության տակ է հայտնվել 2010-ին:
Նիստը տեւել է մոտ 2 ժամ, երբ դահլիճում կանացի ճչոցներ են լսվել: Մի կին փորձել է ներխուժել դահլիճ, հարձակվել Մերդոքի վրա եւ սպիտակ հեղուկ լցրել վրան:
Միջադեպի պատճառով, լսումները դադարեցվել են, իսկ օրինախախտը դուրս է բերվել դահլիճից: Պարզվել է, որ Մերդոքի վրա սափրվելու փրփուր են լցրել:
Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ ձերբակալվածը կատակերգակ-դերասան Ջոնի Մարբլսն է:
Մի քանի րոպե անց, նիստը շարունակվել է, սակայն Մերդոքը ստիպված էր հանել պիջակը:




























