Աշխարհում արդեն գործում են «մեթատիեզերքի» ավելի քան 15 տարբեր հարթակներ, եւ ամեն շաբաթ հայտնվում են նոր խաղացողներ։ Ընդ որում, ներդրումների հիմնական մասն առայժմ կենտրոնացած է «մեծ քառյակի» վրա՝ Sandbox, Decentraland, Cryptovoxels եւ Somnium: Այս հարթակներն վերահսկում են տարբեր չափերի անշարժ գույքի ավելի քան 268 000 վիրտուալ օբյեկտներ, եւ, ըստ MetaMetric-ի, այս տարվա վերջում կկարողանան եւս այդքան վաճառել: Եթե կանխատեսումը հաստատվի, «մեթատիեզերական» ընկերությունները եւ նրանց օգտատերերը կվաստակեն ավելի քան 1 միլիարդ դոլար, գրում է HighTech+-ը։

Ըստ Republic Realm-ի հետազոտության՝ Sandbox-ը գերիշխում է ոլորտում՝ վերահսկելով շուկայի 62%-ը՝ 2022 թվականի առաջին ամսում մեթատիեզերքում կատարված թվային անշարժ գույքի գործարքների ավելի քան 75%-ը ձեւակերպվել է այս ծառայության միջոցով։ Sandbox-ի մոտ 166 000 ակտիվներ Etherium կրիպտոարժույթով վաճառվել են միջինը 12 700 դոլարով՝ 96 ք/մ մակերեսով յուրաքանչյուր հողատարածքի համար։

Հաջորդը Decentraland-ն է՝ խաղը առաջարկում է 16 ք/մ մակերեսով 90 600 տարածք, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում է 14 000 դոլարով։ Մնացած ակտիվները բաշխված են Cryptovoxels-ի, Somnium-ի եւ պակաս նշանակալի մատակարար ընկերությունների միջեւ:

Ինչպես նշում է CNBC-ը, նոր ոլորտով հետաքրքրվող ներդրողների համար հիմնական հարցն այն է, թե ինչպես կարելի է որոշել ակտիվի արժեքը եւ ռիսկը, որի համար կարող է արհեստականորեն դեֆիցիտ ստեղծվել: Լրագրողների հետ զրույցում Republic Realm-ի գլխավոր տնօրեն Ջանին Յորիոն, ով ակտիվորեն ներդրումներ է կատարում մեթատիեզերքում անշարժ գույքի ոլորտում, ասել է, որ հարցին կոնկրետ պատասխան տալն այս պահին անհնար է։

«Կան մեծ ռիսկեր, բայց նաեւ՝ պոտենցիալ մեծ օգուտներ»,- բացատրել է Յորիոն: Նրա ընկերությունը Sandbox-ում «հողատարածքի» համար վճարել է ռեկորդային 4,3 միլիոն դոլար եւ այժմ այն վերավաճառում է ավելի թանկ գնով: Republic Realm-ին հաջողվել է վաճառել 90 վիրտուալ կղզիներ՝ յուրաքանչյուրը 15 000 դոլար արժողությամբ, ինչպես նաեւ մի քանի վիլլաներ, որոնց արժեքը գերազանցում է 100 000 դոլարը։

Յորիոն նաեւ նշել է, որ մեթատիեզերքում հողի արժեքը որոշվում է նրանով, թե ինչպես են սեփականատերերը տնօրինում այն: Օրինակ՝ օգտատերը կարող է նախագծել նոր տեսարժան վայր կամ յուրահատուկ թանգարան։ Այդ դեպքում այս տարածքի չափը եւ աշխարհագրական դիրքը նշանակություն չի ունենա, քանի որ օբյեկտը կգնահատվի որպես արվեստ:

«Դուք կարող եք հեռավար տեղափոխվել ուր ուզեք, ուստի գտնվելու վայրը այնքան էլ կարեւոր չէ»,- հավելել է Republic Realm-ի ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, որոշ գործարարներ եւ ԶԼՄ-ների փորձագետներ կարծում են, որ մեթատիեզերքում անշարժ գույքի վաճառքը ավելի շատ նման է ֆինանսական բուրգերի, քան խոստումնալից բիզնեսի: Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Կաստրոնովան պնդում է, որ որոշ ստարտափների հաջողվել է բռնել «տեղեկատվական ալիքը» եւ գրավել ներդրողների ուշադրությունը, սակայն նման նախագծերն իրականում վերջնական նպատակ չունեն։

«Մեթատիեզերքում հողի վաճառքները սովորաբար իրենցից ներկայացնում են ֆինանսական բուրգ, որը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Մեթատիեզերքը Էլդորադո է ինտերնետ ստարտափների համար: Դրանք հետապնդում են նրան ջունգլիներում եւ մահանում»,- ասել է Կաստրոնովան:

Tokens.com-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էնդրյու Կիգելը, որը ստեղծել է անշարժ գույքի 16 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային հիմնադրամ, իր հերթին քննադատել է Կաստրոնովայի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ պահպանողական ներդրողները ծաղրում են մեթատիեզերքում հողը, քանի որ չեն գիտակցում վիրտուալ օբյեկտների իրական նշանակությունը:

«Շատերի խնդիրն այն է, որ կան սերունդներ, որոնք դժվարանում են արժեք վերագրել թվային իրերին, որոնք դու չես կարող պահել եւ որոնք կշիռ չունեն: Երիտասարդ սերունդն այս հարցում խնդիրներ չունի։ Ինչպես NFT-ների դեպքում, բլոկչեյն տեխնոլոգիան ինչ-որ բանի թույլ է տալիս թվային, անփոխարինելի եւ սակավ լինել: Դուք կարող եք պահել այն, պահպանել, արտացոլել եւ վաճառել»,- բացատրել է Կիգելը: