ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատվիրակությունն այս շաբաթ կժամանի Եվրոպա, որպեսզի քննարկի հնարավոր պատժամիջոցների համակարգումը եւ արտահանման վերահսկման միջոցները, որոնք ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կարող են ձեռնարկել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյային:

Պաշտոնյայի խոսքով՝ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ֆինանսների նախարարության, Պետդեպարտամենտի եւ առեւտրային գերատեսչության ներկայացուցիչներ, կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա եւ Գերմանիա, որպեսզի հանդիպի գործընկերների հետ:

Բացի այն քննարկումներից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն ի պատասխան ներխուժման, պաշտոնյաները կկենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես են երկրները նման քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ ինչ լիազորություններ ունեն եւ արդյոք նոր օրենքներ պետք է ընդունվեն:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուկրաինայի վրա հարձակվելու հրամանը օրերի կամ շաբաթների ընթացքում կարող է արձակել»:

Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, սպառնացել է Ռուսաստանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներով, եթե վերջինս ներխուժի: Դրանք կարող են ներառել ֆինանսական պատժամիջոցներ, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության միջոցներ: Մոսկվան հերքում է Արեւմուտքի բոլոր մեղադրանքները։