Ռուսաստանն ու Եվրոպան պետք է աշխատեն անվտանգության երաշխիքների ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Եվրոպայում կայունություն ապահովելու համար նոր մեխանիզմներ են  անհրաժեշտ, սակայն դրանք չպետք է մշակվեն գործող համաձայնագրերի վերանայմամբ։ «Անհրաժեշտ է նոր մեխանիզմներ կառուցել, որոնք կայունություն կապահովեն տարածաշրջանում, սակայն այդ նոր դրույթները չեն կարող կառուցվել վերջին 30 տարվա պայմանագրերի վերանայմամբ եւ հիմնարար սկզբունքների վերանայմամբ կամ հիմնարար եվրոպական իրավունքների սահմանափակմամբ», - ասել է նա։

«Ուժեղ դեէսկալացումը պահանջում է, որպեսզի մենք առաջ շարժվենք հիմնարար հարցերի մասով, եւ մենք այդ հարցերը քննարկել ենք շատ երկար ժամանակ։ Մենք պետք է համատեղ կամք դրսեւորենք, որ պատրաստ ենք աշխատել անվտանգության երաշխիքների վրա, անվտանգության եւ կայունության նոր կարգ կառուցել Եվրոպայում։ Սա պետք է հիմնվի այն հիմքի վրա, որը մենք միասին կառուցել ենք որպես ինքնիշխան պետություններ»,- ասել է նա: «Այնպես որ, առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, եւ այդ խիտ քննարկումները, որ մենք ունեցանք, կնպաստեն դրան»,- ասել է Մակրոնը։

Նա նաեւ ընդգծել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը։