«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը Ռուսաստանից Գերմանիա կդադարեցվի, եթե Կրեմլը «որոշի վերսկսել ռազմական ներխուժումն Ուկրաինա»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Եթե Ռուսաստանը նորից ներխուժի, այսինքն՝ տանկերը կամ զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, «Հյուսիսային հոսք 2» այլեւս չի լինի։ Մենք դրան վերջ կտանք, - ասել է Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսին։- Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կարող ենք դա անել»։

Բայդենը չի մանրամասնել Շոլցի հետ իր քննարկումները խողովակաշարի վերաբերյալ:

«Մենք ինտենսիվորեն նախապատրաստել ենք ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք անհրաժեշտ պատժամիջոցներին Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ «մենք միասնական կլինենք»։ Մենք գործելու ենք միասին եւ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք միասին»։