Կալանավորելով դատավոր Բորիս Բախշիյանին՝ կառավարությունն ու իշխող ուժը խփեցին արդարադատության դագաղի վերջին մեխը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, Վերաքննիչ դատարանի դիմաց Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, դատարանները անհիմն կերպով ընդդիմադիր գործիչներին պահում են կալանքի տակ՝ ամեն կերպ ձգձգելով գործընթացները. «Դրան աջակցում է նաև մեղադրող կողմը՝ դատախազությունը դատախազին հարմար չէ, հիվանդ է, ոտքն է ցավում ու այլ հիմնավորումներով։ Սա միայն Առուշ Առուշանյանին չի վերաբերում»,- ասել է նա։
Սյունիքի նախկին մարզպետը նկատեց՝ միայն այդ մարզի համայնքապետերը չէ, որ ենթարկվում են հետապնդման. «ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ միանգամից հարուցվում է քրեական գործ, տարվում են կալանքի։ Ամենաթողություն է։ Այս համատեքստում խիստ զարմանալի է միջազգային կառույցների շարունակական լռությունը»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Վահե Հակոբյանն ու խմբակցության ուրիշ պատգամավորները Հայաստանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը պատմել են խախտումների, անօրինականությունների մասին։
«Մենք շատ կտրուկ ասացինք մեր մտավախությունները այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Վաղը հանդիպում ենք ունենալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։ Նույն մտահոգությունները հայտնելու ենք նրան, պահանջելու ենք գործողություններ։ Ժողովրդավարության ու արդարադատության բաստիոն համարվող արևմուտքն այսօր Հայաստանում ակնհայտ փլուզվում է»,- ասել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։





























