Երկարաժամկետ խաղաղության հասնելու համար հարեւան պետությունների հետ հաղորդակցության գործընթացն անխուսափելի է։ Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նաեւ, ըստ նրա, կարեւոր է ներքին համախմբվածությունը։ «Աշխարհաքաղաքական ընթացիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունն ի վիճակի չէ դիմակայել առանց ռազմավարական կարեւոր գործընկերների, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հստակ կարգավորված հարաբերությունների։

Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական հավակնություններ ունեցող պետությունների գենետիկ հիշողությունը հարմար միջավայրի ձեւավորման դեպքում ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում։ Ուստի նման դեպքերում մեզ համար կարեւոր է, որ արժանի հակահարված կազմակերպելու հնարավորություն ունենանք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով արագ փոփոխվող քաղաքական իրողություններում ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։