Բոլորը վրդովված են Բելառուսի նախագահի խոսքերից, սակայն պետք է հասկանալ նման հայտարարության պատճառները։ Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Պատճառները հասկանալու համար, ըստ պատգամավորի, պետք է լսել Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։
«Պետք է զուգահեռ անցկացնել, թե ինչպես էին մինչեւ 2018 թվականը նրանք խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների, եւ ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա, բայց տեսախցիկների առջեւ»,- պարզաբանեց Մամիջանյանը։ Ընդ որում, նա նշեց, որ Բելառուսի նախագահը հարցազրույցում իրեն անընդունելի արտահայտություններ է թույլ տվել։ «Հայաստանը շարժվելու տեղ ունի։ Ավելին, Հայաստանն ունի հստակ նպատակներ՝ նա այսուհետ եւս Եվրոպան եւ Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց կլինի։ Հայաստանն ու Ղարաբաղը եղել են եւ կլինեն քրիստոնեական աշխարհի դարպասները։ Հայաստանը այսուհետ եւս Ղարաբաղի արդար ինքնորոշման երաշխավորն ու ջատագովը կլինի։ Մենք ոտքի կկանգնենք, կմաքրվենք կապիտուլյացիայի ամոթալի խարանից եւ խունտայի վերընտրվելու հնարավորությունից, որը այս ամենի պատճառն է դարձել։ Մի նույնացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին։ Երբեք մի կարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այնպես, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,- ընդգծեց պատգամավորը։





























