Նավթի, մետաղների, հացահատիկի եւ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների գները հունվարի վերջի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ավելացել են միջինը 46 տոկոսով։ Սա ամենամեծ թանկացումն է 1995 թվականից ի վեր, հինգշաբթի տեղեկացրել է ճապոնական առաջատար Nikkei տնտեսական թերթը՝ հղում կատարելով փորձագետների կատարած հաշվարկներին։

Գների աճը, պարբերականի գնահատմամբ, մասամբ կապված է աշխարհում գործնական կոնյունկտուրայի բարելավման եւ սպառողական պահանջարկի կտրուկ աճի հետ՝ մի շարք առաջատար երկրներում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին։ Կարեւոր դեր են խաղում նաեւ մատակարարման հնարավոր խափանումների հետ կապված մտահոգությունները՝ մոլորակի մի շարք տարածաշրջաններում անկայուն իրավիճակի համատեքստում։

22 հիմնական հումքային եւ պարենային ապրանքներից 9-ը մեկ տարում թանկացել է ավելի քան 50 տոկոսով։ Մասնավորապես, սուրճի գներն ավելացել են 91 տոկոսով, բամբակինը՝ 58, ալյումինիումինը՝ 53 տոկոսով։ Բնական գազը, ընդգծում է Nikkei-ն, թանկանում է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետ կապված։

Գների աճը, նշում է թերթը, խանգարում է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը, որին համավարակը ծանր հարված է հասցրել, ավելի վճռականորեն վերականգնվի։ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ էներգակիրների թանկացումը այս տարի մոլորակի մասշտաբով կարող է իջեցնել տնտեսական աճի տեմպերը 0,5 տոկոսային կետով։