Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակված Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ արդեն ճնշումների են ենթարկվում ոչ միայն այս իշխանությունների ընդդիմախոսները, այլ նրանց կալանքի տակ պահելու վերևից իջեցնող «ֆալցետային հրահանգներին չենթարկվող դատավորները»։
«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ճնշումներն իրականացվում են մի մարդու ձեռքով, ով 2018-ին Նիկոլ Փաշինյանի համար փողոցում «դըմփդըմփուիստ» էր աշխատում, նրա համար թմբուկ էր զարկում: 2018-ից հետո նա կարիերայի կտրուկ աճ ունեցավ, ու հիմա այդ թմբուկի մուճը փոխարինել է դատավորի մուրճով եւ իրականացնում է Փաշինյանի խայտառակ հրահանգները:
Խայտառակ քրգործերը կարվում են նաեւ դհոլիստ աշխատող գլխավոր դատախազի կողմից: Դե իսկ ԲԴԽ նախագահ կոչվող Գագիկ Ջհանգիրյանն էլ պարում է Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ: Ահա այսպիսին են այս իշխանությունների դատաիրավական համակարգի երաժշտասեր գործիքները»,-ասաց նա:
Ա.Մանուկյանի խոսքով, եվրոպական կառույցները ոչինչ չեն անում, «հուժկու լռում են»՝ տեսնելով խայտառակ ապօրինությունները. «Ավելին՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկին, ամոթ է, ուշքի եկեք։ Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, ուշքի եկեք։ Դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, եվրոպական արժեքներին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։
Հերիք է ստորադասեք ժողովրդավարությունը ձեր աշխարհաքաղաքական շահերին։ Հերիք է, խոսեք, արթանացեք քնից։ Խոսեք, ամոթ է, տիկին»,- ասաց ընդդիադիր պատգամավորը։
Նա նաև նշեց, որ այս խայտառակ ապօրինությունները տեսնելով՝ ծպտում չեն հանում հասարակական կազմակերպությունները, այն ՀԿ-ները, որոնք նախկինում անգամ չեղած դեպքերի ժամանակ տիեզերական մասշտաբի աղմուկ էին բարձրացում միջազգային ֆինանսավորմամբ և այնպիսի պատմություններ ներկայացնում, կարծես աշխարհը կործանվում է։
«Հիմա կրկին լռում են, դարձել են համավոր հարսներ։ Փաստորեն, նրանք կամ այն ժամանակ էին սպասարկում աշխարհաքաղաքական շահերը ինչ-ինչ ֆինանսավորում ստանալով, կամ հիմա են իրենց լռելով սպասարկում աշխարհաքաղաքական շահերը ու կրկին ստորադասում են ժողովրդավարությունը»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։





























