ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի մասին արեւմտյան քաղաքական գործիչների աշխարհագրական «սխալների» մասին հարցին, առաջարկել է «մինչեւ վերջ հուսալ, որ խոսքը վրիպման մասին է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եկեք, այնուամենայնիվ, վրիպումն անվանենք վրիպում եւ հուսանք, որ խոսքը վրիպման մասին է, բայց այն, որ իսկապես համաշխարհային դիվանագիտության առաջատար դերակատարները խնդիրներ ունեն Մինսկի միջոցառումների համալիրի հստակ եւ կարճ տեքստը կարդալու հետ, ակնհայտ է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա դա կապել է անճշտությունների հետ, «որոնք հանգեցնում են ընդդիմախոսների կողմից տեղի ունեցածի սկզբունքային թյուրիմացության»։ «Այստեղից է գալիս Մինսկի քառյակի պետությունների ղեկավարների շատ որակավորված, բարձրաստիճան քաղաքական խորհրդականների անկարողությունը՝  կարդալ միեւնույն տեքստն ու դրանից դուրս բերել միեւնույն ըմբռնումը։ Ահա, մենք բոլորս երեկ, ցավոք, ականատես եղանք, թե ինչպես ապարդյուն անցավ Նորմանդյան քառյակի քաղաքական խորհրդականների հերթական հանդիպումը»,- ասել է Պեսկովը։ 

Նա նշել է, որ նման իրավիճակն իրականություն է, եւ միակ հույսը դիվանագետներն են, ովքեր «ակտիվորեն կշարունակեն պաշտպանել երկրի շահերը եւ համբերատար բացատրել իրենց զրուցակիցներին աշխարհագրական, աշխարհքաղաքական եւ այլ իրողություններ»: 

Նախօրեին մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, հայտնել էին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա բրիտանացի գործընկեր Լիզ Թրասի՝ Մոսկվայում կայացած բանակցությունների փակ հատվածում վերջինս կասկածի տակ է դրել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ռոստովի եւ Վորոնեժի նկատմամբ։ «Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ռուսաստանի արտգործնախարարին հայտնել է ուկրաինական սահմանից ռուսական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ զինվորականները գտնվում են իրենց երկրի տարածքում։ Լիզ Թրասը կրկնել է, որ դրանք պետք է հետ կանչվեն։ Դրան ռուս նախարարը կրկին հակադարձել է՝ ասելով, որ զինվորականները ոչինչ չեն խախտում, քանի որ իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում ցանկացած մանեւր անցկացնել։

Դրանից հետո նա դիմել է իր բրիտանացի գործընկերոջը. «Դուք ճանաչո՞ւմ եք Ռուսաստանի ինքնիշխանությունը Ռոստովի եւ Վորոնեժի մարզերի նկատմամբ»։

«Մեծ Բրիտանիան երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը այդ շրջանների նկատմամբ»,- կարճ դադարից հետո պատասխանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։

Իրավիճակին նրբանկատորեն միջամտել է Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բոներտը, ով բացատրել է Թրասին, որ խոսքն իսկապես ռուսական շրջանների մասին է։