Փետրվարի 11-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Երեւանում անցկացրել է քննարկում «Հայաստանի գիտության եւ նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» խորագրով քննարկում:

Միջոցառման ընթացքում հիմնադրամի տնօրեն ու հիմնադիր Արմեն Օրուջյանը, Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ու FAST-ի հետազոտությունների զարգացման ծրագրի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը ներկայացրել են խնդիրներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանում գիտական եւ նորարարական էկոհամակարգը, ինչպես նաեւ տեսլականն ու ընթացիկ ծրագրերը, որոնք առաջարկվել են հիմնադրամի կողմից խնդիրներն աստիճանաբար լուծելու եւ հաղթահարելու համար:

Հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմենի Օրուջյանի խոսքով՝ FAST-ը փորձում է ստեղծել էկոհամակարգ, որը կխթանի գիտական առաջընթացն ու տեխնոլոգիական նորարարություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Սակայն, ինչպես նշել է հիմնադրամի տնօրենը, առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել:

«Վիճակագրության համաձայն՝ Պակիստանում 1000 մարդու շրջանում կան շատ ավելի մեծ թվով տաղանդավոր մարդիկ, քան Հայաստանում: Ընդ որում՝ Հայաստանում 2021 թվականին կյանքի մակարդակը համեմատելի է Նիգերիայում կյանքի մակարդակի հետ: Այնպես, որ մենք չպետք է ապրենք հեքիաթներով: Դա շատ կարեւոր պայման է: Իրականությունը պետք է ընկալել ադեկվատ կերպով: Հեքիաթով ապրելն ու մտածելը, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, վերջնարդյունքում կհանգեցնի նրան, որ մենք չենք կարողանա ճիշտ նպատակ սահմանել եւ գրանցել ցանկալի արդյունքներ: Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք պատրաստվում ենք ջանքեր գործադրել այնտեղ, որտեղ պատրաստվում ենք ներդրումներ կատարել»,-նշել է Օրուջյանը,

Այսօրվա դրությամբ՝ մարդկանց ընկալումներում, ինչպես համարում է գործարարը, կա երկու Հայաստան՝ «Ծովից ծով Հայաստան» եւ իրական Հայաստան: Նրա խոսքով՝ հասարակությունում կարելի է հանդիպել «ընտրյալ մարդկանց», որոնք գտնվում են մշտական շփման մեջ միմյանց հետ, եւ որոնք կարծում են, որ ամբողջ ազգը նույնքան խելացի եւ օժտված է, որքան հենց իրենք են:

«Սակայն, երբ նրանք դուրս են գալիս իրենց վակուումի սահմաններից, տպավորություններն այլ են: Այնպես որ, եթե մենք մտածում ենք Հայաստանի մրցունակության մասին, մենք չպետք է սահմանափակենք ինքներս մեզ: Այսօրվա դրությամբ՝ մեզ համար առավել կարեւոր խնդիր է կրթությունը: Մենք պետք է լավ կրթական համակարգ ունենանք, զարգացնենք գիտությունը, որպեսզի ապագայում հնարավոր լինի ստանալ հստակ արդյունքներ վերոնշյալից»,-ասել է հիմնադրամի տնօրենը:

Նշենք, որ FAST հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո «Moderna» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի, գործարար ու սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանի եւ այլոց կողմից: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում գիտության առաջընթացն ու նորարարական զարգացումն ապահովելու համար: Այս տարի FAST-ը տոնում է իր հնգամյակը: