Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի սահմանների շուրջ անվտանգության կապակցությամբ, ինչպես նաեւ Կիեւին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական հեռախոսազրույցն է անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, ինչպես նաեւ հայտնել է քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են ապաէսկալացիայի եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ առկա բանակցային ձեւաչափերի շրջանակում: Կողմերը քննարկել են մեր պետության օգնությունն ակտիվացնելու հարցերն անվտանգության ընթացիկ մարտահրավերների ֆոնին: Նախագահը նաեւ բարձր է գնահատել կանադական կողմի որոշումն Ուկրաինային զգալի հավելյալ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին»,-ասվում է գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին ցուցաբերվող օգնության համար եւ հրավիրել է նրան տիկնոջ հետ այցելել Ուկրաինա:
«Բարձր եմ գնահատում Կանադայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: Մեր պետությանն արդեն 120 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, ինչպես նաեւ մեզ համար իսկապես կարեւոր է UNIFIER վարժանքների ծրագրի առաքելության շարունակությունը»,-ասել է Զելենսկին:





























