Արեւմուտքի գործողությունները հանգեցնում են հակամարտությունների եւ տուրբուլենտության աճին աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ Առաջին ստորաբաժանման տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը փաստել է, որ ԱՊՀ տարածքում իրավիճակը վերջին տարիներին տարբերվում է շարժունությամբ: «Բացասական միտումները, որոնք բնորոշ են համաշխարհային զարգացման ժամանակակից փուլին, բազմապատկված են իրենց դիրքերը պահպանելու հարցում արեւմտյան պետությունների ձգտմամբ, այդ թվում՝ սեփական դիրքորոշումները թելադրելու եւ ուժի այլընտրանքային կենտրոնները զսպելու միջոցով, եւ հանգեցնում են հակամարտությունների աճին ու տուրբուլենտության զարգացմանն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակում,-ասել է նա:-Անշուշտ, այդ ամենն անմիջական կերպով առնչվում է ԱՊՀ տարածքին եւ պահանջում մեծ ուշադրություն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր անմիջական շրջապատին, որը կապված է Ռուսաստանի հետ համատեղ պետականության, տարբեր ոլորտներում խորը փոխկապվածության բազմադարյա ավանդույթներով, ընդհանուր լեզվով եւ համահունչ մշակութա-քաղաքակրթական կերտվածքով»:
Ընդ որում, նրա խոսքով, սխալ է ասել, որ ռուսական դիվանագիտության ուշադրության կենտրոնը վերջին տարիներին սկսել է փոխվել դեպի հարաբերությունները միայն հետխորհրդային շրջանի երկրների հետ: «ԱՊՀ-ն զբաղեցնում է առանցքային տեղ ռուսական արտաքին քաղաքական կոորդինատների համակարգում, ինչն ամրապնդված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին քաղաքականության հայեցակարգում»,-ընդգծել է Եվդոկիմովը:





























