Պենտագոնը հույս ունի ռազմական օգնությունն ուկրաինացիներին հասցնել ցամաքով, որպեսզի օգնի Կիեւին երկրի ներսում դիմակայության կազմակերպման հարցում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, Ներկայացուցիչների պալատի անդամներին ասել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը մասնավոր զրույցի ժամանակ, փոխանցում է The Hill-ը։

Սալիվանն ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ցանկանում է քննարկել ուկրաինացիներին մահաբեր զենք հասցնելու ցամաքային երթուղիները, եթե Ռուսաստանն սկսի գրոհը։

Օսթինը, ըստ երեւույթին, թեման կքննարկի ՆԱՏՕ ղեկավարների հետ, երբ այցելի Բրյուսել եւ Արեւելյան Եվրոպա։ Նա պատրաստվում է երեքշաբթի դուրս գալ Վաշինգտոնից՝ հանդիպելու Բելգիայի, Լեհաստանի եւ Լիտվայի բարձրաստիճան զինվորականների եւ կառավարությունների ղեկավարների հետ։ Նա կմասնակցի նաեւ դաշինքի նախարարների համաժողովին, տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Բայդենի վարչակազմը անցած տարի հավանություն էր տվել Կիեւին մոտ 650 մլն դոլարի ռազմատեխնիկա մատակարարելուն։ Բոլորովին վերջերս վարչակազմը հավանություն է տվել 200 մլն դոլարի փաթեթին Ուկրաինայի համար, որը ներառում էր «Javelin հակատանկային հրթիռներ, հակատանկային այլ համակարգեր, նռնականետեր, զինամթերք եւ ոչ մահաբեր այլ սարքավորումներ»։

ԱՄՆ-ը նաեւ թույլ է տվել Բալթյան երկրներին, ներառյալ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, Կիեւին մատակարարել ամերիկյան արտադրության հակատանկային եւ զենիթային հրթիռներ։

Բացի այդ, Պենտագոնը տեղակայել կամ Լեհաստան, Գերմանիա եւ Ռումինիա է տեղափոխել ԱՄՆ 6000 զինծառայողի։