Երկրի առաջին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված եւս 10 միլիոն դոլարի ակտիվներ Ֆրանսիայից վերադարձվել են Ուզբեկստան, հայտարարել է արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Սեւարա Ուրինբաեւան, գրում է «Գազետա»-ն:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ Ուզբեկստանի պետական ​​մարմիններն ակտիվորեն աշխատում են Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների իրավասու մարմինների հետ՝ Գյուլնարա Քարիմովայի եւ նրա հանցակիցների կողմից հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված եւ անօրինական կերպով դուրս բերված ակտիվները վերադարձնելու ուղղությամբ։

Փետրվարի 11-ին Շվեյցարիան եւ Ուզբեկստանը բանակցությունների փուլ անցկացրեցին, որի ընթացքում պատվիրակությունները պայմանավորվեցին Միավորված ազգերի կազմակերպության նոր բազմակողմ վստահության հիմնադրամ ստեղծել: «Հիմնադրամը կօգտագործվի այն ակտիվները վերադարձնելու համար , որոնք վերջնականապես առգրավվել էին Գուլնարա Քարիմովայի դեմ քրեական գործի շրջանակներում: Այն նաեւ որպես մեխանիզմ կծառայի ցանկացած լրացուցիչ գույքի վերադարձման համար, որը կարող է վերջնականապես առգրավվել Շվեյցարիայում շարունակվող քրեական դատավարության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս պահին վերադարձման համար պատրաստ է 131 մլն դոլար, նշել են արդարադատության նախարարությունից։

Բացի այդ, Մոսկվայի դատարանը ճանաչել է Գուլնարա Քարիմովայի եւ նրա հանցակիցների նկատմամբ Ուզբեկստանի դատարանների դատավճիռները։ Այժմ նախատեսվում է բռնագրավված գույքը վաճառել, իսկ հասույթը վերադարձնել Ուզբեկստանին։

«Վերադարձված միջոցներն օգտագործվելու են սոցիալական ոլորտում՝ բնակչության բարեկեցության բարելավման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2020 թվականի մայիսին Ֆրանսիայից Գուլնարա Քարիմովայի 10 միլիոն դոլարի ակտիվներ վերադարձվեցին Ուզբեկստան: