Հայ ժողովուրդը 20 տարի առաջ կարողացավ կերտել իր պետությունը, նաեւ պաշտպանել Արցախը, քանի որ պատմության դասերը շատ լավ է սերտել: Այս մասին Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարեւոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս եւ լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում»,- ասել է նա:
Հալեպի ճեմարանի սաներից մեկի հարցին, թե ի՞նչ կարող են անել սփյուռքի երիտասարդները հայրենիքի համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Լավ հայ լինել եւ հորդորել ձեր բարեկամներին, հարեւաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին, երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր եւ եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, եւ այդ մասունքը բոլորինս է»:
ՀՀ նախագահը նաեւ հորդորել է երիտասարդներին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Դիմելով հարց տվող երիտասարդներից մեկին, նա նշել է. «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, եւ կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան եւ այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ»:




























