Լեհաստանի ոստիկանությունը հուլիսի 25-ին Վրոցլավե քաղաքում ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով նորվեգական «Դագբլադետ» թերթին:

Համաձայն հաղորդագրության, ձերբակալվածը կասկածվում է Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին մասնակցելու մեջ: Նորվեգիայի ոստիկանությունը դեռեւս այդ տեղեկատվությունը չի հաստատում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ենթադրվում է, որ ձերբակալվածը Անդերս Բրեյվիկի մատակարարներից մեկն է, ով ապահովել է նրա շփումներն այլոց հետ, որոնք հիշատակվում են «2083 թվականի եվրոպայի անվտանգության հռչակագրի» մանիֆեստում, որտեղ նա մանրամասն նկարագրել է հանցագործությունների նախապատրաստությունը:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Բրեյվիկը որպես հնարավոր թիրախներից մեկը դիտարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Կանցլերի անունը հիշատակվում է այդ նույն մանիֆեստում, որն Օսլոյում եւ Ուտեյա կղզում տեղի ունեցած ահաբակչություններից որոշ ժամանակ առաջ հրատարակվել է Ինտերնետում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկը նախորդ ուրբաթ, հուլիսի 22-ին Ուտեյա կղզում զանգվածային գնդակահարություն է կազմակերպել: Այդ հանցագործությունից մի քանի ժամ առաջ Օսլոյի կառավարական թաղամասում պայթել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան:

Ոստիկանությունում կարծում են, որ կղզում, որտեղ մեկ ու կես ժամում սպանվել է մոտ 90 մարդ, Բրեյվիկը միայնակ չէ գործել: