Երեւանում այսօր` հուլիսի 25-ին տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում ամփոփվել են 2011թ. I կիսամյակում կատարված աշխատանքները եւ նախանշվել հետագա գործունեության ուղիները:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ է արձանագրել 2011թ. մայիսի 20-ին ԵՄ-ի կողմից հրապարակված Հայաստանի առաջընթացի զեկույցում դրական գնահատականները Հայաստան-ԵՄ գլոբալ քաղաքական համագործակցության վերաբերյալ եւ նշել է, որ մեր հարեւան Ադրբեջանի մասով զեկույցի համեմատ Հայաստանում արձանագրված առաջընթացը բավականին էական է:
ԵՄ-ն ողջունել է Հայաստանում քաղաքական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ սկիզբ առած քաղաքական երկխոսությունը: Եվրոպական Հանձնաժողովը ողջունել է նաեւ զրպարտությունը եւ տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների մասով օրենսդրության ապաքրեականացումը:
Ընգծվել է որակի ենթակառուցվածքների զարգացման 2010-2020թթ.. ռազմավարության կարեւորությունը: Ի լրումն, ԵՀ-ն առաջարկել է բարեփոխումներն առաջ տանել շուրջ 10 ուղղություններով:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը, քանի որ անհրաժեշտ է կատարված աշխատանքի ամփոփմանը զուգընթաց աշխատել նաեւ նոր` 2012-14թթ ծրագրի մշակման ուղղությամբ:
ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ուղղությամբ կատարված աշխատանքների, 2011թ. հունիսի 29-ին Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի 10-րդ նիստի արդյունքների եւ 2011թ. հուլիսի 14-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի 2-րդ լիագումար նիստի արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի` համապատասխան գերատեսչությունները ներկայացնող անդամները: ԵՄ խորհրդատվական խմբի մոտեցումները եւ առաջարկություններն է ներկայացրել խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն:




























