«Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բիցաձեն (Բուրջանաձեի ամուսինն է) որեւէ երկրից քաղաքական ապաստան է խնդրելու:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, Բուրջանաձեն հայտարարել է, որ Բիցաձեն «չի ցանկանում, որպեսզի իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը ներկա իշխանությունների պատանդը դառնա»: Միաժամանակ, Բուրջանաձեն չի բացառում, որ իշխանությունները, հնարավոր է, իրենց չցանկանան ձերբակալել Բիցաձեին, քանի որ դա կարող է իրենց համար անցանկալի հասարակական արձագանք ունենալ:
«Բիցաձեի ձերբակալման դեպքում իշխանությունները ստիպված կլինեն նրա մեղավորության լուրջ ապացույցներ ներկայացնել, իսկ այդպիսիք նրանք չունեն: Նման դեպքերում միակ արդյունքը լինում է այն, որ Բիցաձեն քաղբանտարկյալի կարգավիճակ կստանա, իսկ դա, վստահեցնում են, իշխանություններին ձեռնտու չէ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ Բիցաձեն երկիրը լքել է մայիսի 26-ին տեղի ունեցած դեպքերից հետո, նրա գտնվելու վայրն անհայտ է:




























