Իսրայելի մահմեդական, քրիստոնեական եւ հրեական համայնքի ներկայացուցիչները հուլիսի 25-ին հանդիպել են՝ քննարկելու, թե ինչպես իրենց հոտի ներկայացուցիչների գիտակցության մեջ ներարկեն շրջակա միջավայրի պահպանության կարեւորության գաղափարը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

«Երբ հոգեւորականը որեւէ բան է ասում, նա դիմում է մարդկանց խղճին, ներքինին, եւ ոչ թե միայն խելքին եւ սրտին»,-ասել է Ուիլյամ Շոմալին՝ Լատինական պատրիարքի տեղապահ եպիսոկոպոսը:

«Մենք այս երկրի վրա զբոսաշրջիկներ ենք եւ այն մի օր կլքենք: Սակայն մենք պետք է այն մաքուր թողնենք գալիք սերնդի համար, եւ պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչպես ենք օգտագործում այս ընդհանուր տունը»,-ասել է նա: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, ինչպես նաեւ ռաբունի Դենիել Սպերբերը եւ նազարեթյան եպիսկոպոս Ջաչինտո-Բուլոս Մարկուցցոն: