Ռուսաստանի նախկին եւ ներկա նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը բազմիցս հրաժարվել են հայտնել, թե նրանցից ով է առաջադրվելու 2012 թվականի նախագահական ընտրություններին  մասնակցելու համար: Սակայն,  Reuters-ի երեք անանուն աղբյուրների հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Պուտինը կառաջադրի իր թեկնածությունը:

Առաջին անանուն աղբյուրի խոսքով`Պուտինն անհանգստացած է այն հանգամանքով, որ Մեդվեդեւը չի ստանում քաղաքական գործիչներից, գործարարներից եւ ընտրողներից անհրաժեշտ աջակցություն, որպեսզի վերափոխումներ կատարելիս ապահովի կայունություն:

Երկրորդ աղբյուրը միանշանակ հայտարարել է, որ  Պուտինը «շատ է ցանկանում վերադառնալ»: Իսկ Մեդվեդեւի` սեփական դիրքերն ամրապնդելու փորձերը, վշտացրել են վարչապետին, թեեւ արտաքնապես երկու առաջնորդների միջեւ պահպանվում են բարիդրացիական հարաբերությունները:

Երրորդ աղբյուրի կարծիքով` Պուտինը մտադիր է առաջադրվել 2012 թվականին: Իսկ դառնալով նախագահ` նա կնշանակի բարեփոխիչ- վարչապետի, որպեսզի խուսափի մեղադրանքներից, որ իր վերադարձը  կհանգեցնի լճացման: