Թուրքիայում բարձրացված հիստերիան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կապակցությամբ, ամեն դեպքում, ոչ միայն շինծու է, այլեւ եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին: Այդ մասին NEWS.am-ին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի եւ ԱԳՆ-ի քննադատությունը ՀՀ նախագահի` Ծաղկաձորում Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ սփյուռքահայ երիտասարդի կողմից հնչեցված հարցին տրված պատասխանի վերաբերյալ:
«Գիտեք` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին Հայաստանի նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի եւ շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ»,-նշել է փոխնախարը:
Քոչարյանի դիտարկմամբ` ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլեւ եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով դպրոցականներից մեկի հարցին, թե ի՞նչ սահմաններ է ունենալու ապագա Հայաստանը, արդյոք մեզ կվերադարձվի Արեւմտյան Հայաստանը, ասել է.
«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ:
Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել:
Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին:
Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան:
Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:




























