Հրանտ Ֆինքին սպանող Օգյուն Սամասթի հայրը` Ահմեդ Սամասթը հայտարարել է, որ իր որդուն օգտագործել են դավադրության մեջ` սպանության նպատակով եւ որ իրական հանցագործները պետք է պատժվեն: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթին այս շաբաթ դատապարտել են 21 տարի 6 ամիս ազատազրկման:
«Նրանք խաբել եւ օգտագործել են Օգյունին: Սպանությունը պետք է ամբողջությամբ հետաքննվի: Եթե սրա հետեւում կանգնած են մարդիկ, նրանք պետք է հանձնվեն դատարանին եւ նույնպես պատժվեն»,- դատավճռից հետո հայտարարել է Ահմեդ Սամասթը: Նա ընդգծել է, որ Սամասթների ընտանիքը նախկինում երբեք հանցագործությունների մեջ ներքաշված չի եղել եւ ակնհայտ է, որ իր որդուն օգտագործել են: Սամասթն ասել է, որ իր որդին կապ է ունեցել միայն Յասին Հայալի հետ, ում կասկածում են Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ: Ահմեդ Սամասթը նաեւ նշել է, որ ոչինչ չգիտի Հայալի կապերի մասին:
«Որպեսզի դատարանի որոշումն արդար լինի, ապա իմ որդուն սպանության ուղարկողները նույնպես պետք է պատժվեն»,- ասել է նա:




























