Նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, հուլիսի 29-ին Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում իսլամիստների կոչով առաջին անգամ զանգվածային հանրահավաք կազմակերպվեց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն, 28 քաղաքական շարժումների ու կուսակցությունների կողմնակիցներ լքել են հրապարակը` ի նշան անհամաձայնության այն կարգախոսների, որոնք ուրբաթօրյա ցույցին առաջադրել են իսլամիստական խմբավորումները:

Աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն` «իսլամական ուժերը չեն պահպանում քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնությունները հանրահավաքների ընթացքում հանդարտություն եւ հանդուրժողականություն ցուցաբերելու վերաբերյալ», եւ հետագայում Թահրիրի հրապարակում նրանց շարքերում մնալն անհնարին են համարում:

Վերջին խոշորագույն հանրահավաքի կարգախոսը դարձել էր եգիպտական հասակարակությունը իսլամացնելու կոչը: Այսօրվա ակցիան, որի նախաձեռնողները «Մուսուլման եղբայրներ», «Ալ- Համա ալ-Իսլամիա» իսլամական կազմակերություններն ու սալաֆիթների իսլամական ծայրահեղական խմբավորումներն էին,  անվանվել է «Միավորման օր»:  Բոլոր այդ կազմակերպությունները մինչեւ նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականն արգելված են  եղել կրոնական ծայրահեղության պատճառով: