Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը Լիբիացի ապստամբների զորքերի հրամանատար Աբդել  Յունիսի սպանության  պատասխանատու է համարել Ալ Քաիդա ահաբեկչական ցանցին: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը,  Տրիպոլիում կարծում են, որ այդ սպանությամբ Ալ Քաիդան նկատելի է դարձնում իր ներկայությունը ապստամբների կողմից վերահսկվող արեւելյան Լիբիայում: Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ Ազգային անցումային խորհրդի անդամներն իմացել են սպանությունը կատարողի մասին, սակայն «ոչինչ չեն կարողացել անել, քանի որ Ալ Քաիդայից վախեցած են»: Նրա կարծիքով` Յունիսի սպանությունն ապացուցում է, որ անցումային խորհուրդը կորցրել է Բենգազիի նկատմամբ վերահսկողությունը:

Ավելի վաղ Քադաֆին հայտարարել էր ապստամբերի` Ալ Քաիդայի հետ ունեցած կապի մասին` նշելով, որ լիբիական քաղաքներում անկարգությունները կազմակերպված են եղել հենց Ալ Քաիդայի ներկայացուցիչների կողմից:

Աբդել Յունիսը սպանվել է հուլիսի 28-ին` իր երկու օգնականների հետ: