Ընդդիմություն-իշխանություն բանակցությունները շատ արդյունավետ են եւ գնում են կոնստրուկտիվ հունով: Այդ մասին օգոստոսի 5-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, կոալիցիայի աշխատանքային  խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:

«Քննարկումների ընթացքը ինձ հույս է տալիս, որ երկուստեք ունենք գերակա նպատակներ եւ այդ նպատակներին հասնելու համար կհաղթահարենք բոլոր խնդիրները որ կան, կամ կառաջանան ընթացքում: Աշխատանքային կառուցողական, բարյացակամ մթնոլորտ է ձեւավորվել, կարծում եմ` մենք մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ այդ մթնոլորտը պահպանվի եւ խորանա»,- ասել է պատգամավորը:

Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանդիպման մանրամասները, պատմել է, որ ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են թռուցիկներ տարածող ՀԱԿ-ի համախոհների դեմ կատարված ոստիկանական գործողությունների եւ հանրահավաքի օրը տրանսպորտային միջոցների աշխատանքի խափանման մասին: «Մենք խոստացանք այդ փաստերը ներկայացնել պատկան մարմիններին: Դրանց մի մասով պատկան մարմինները ծառայողական քննություն են նշանակել, եւ խոստացանք հաջորդ հանդիպմանը ծառայողական քննության մասին տեղեկատվություն տրամադրել մեր գործընկերներին»,- նշել է Մինասյանը:

Հանդիպումը դրական ու կառուցողական գնահատելով` Գագիկ Մինասյանը զերծ չմնաց ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Նա հայտնեց, թե ՀԱԿ ներկայացուցիչներն առաջարկել են քննարկումները դարձնել ամենօրյա: «Ակնհայտ է, որ այս առաջարկում տրամաբանությունը շատ թույլ է: Չեմ ուզում ասել, թե ամբոխավարություն է»,- ասաց Մինասյանը: Նա նաեւ քննարկումներից խուսափելու միտում է տեսել Հայ ազգային կոնգրեսի պատվիրակների մոտ: