Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել օգոստոսի 6-ին Լոնդոնի աղքատ թաղամասերից մեկում` Թոթենհեմում սկիզբ առած անկարգությունների հետ կապված, որոնք մեկ օր անց տարածվել են նաեւ հարեւան Էնֆիլդ թաղամասում, հաղորդում է AFP-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի գիշերը Լոնդոնի Թոթենհեմի շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Մասնակցել են մոտ 300 տեղացիներ, որոնք ոստիկանների վրա նետել են քարեր եւ հրակայուն հեղուկով շշեր: Այրվել են ոստիկանական երկու ավտոմեքենա, մեկ երթուղային ավտոբուս, մոտակա խանութները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բախումներից հետո 8 ոստիկան հոսպիտալացվել է:Հաղորդվում է, որ անկարգությունները յուրօրինակ պատասխանն են եղել անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի: Այդ օրը ոստիկանները փորձել էին ձերբակալել չորս երեխայի հայր,  29-ամյա բրիտանացի Մարկ Դագանին, ով փախուստի էր դիմել տաքսիով: Ոստիկանները հետապնդել էին նրան, եւ փոխհրաձգության արդյունքում Դագանը սպանվել էր: Նրա հարազատներն ասում են, որ Դագանի մոտ զենք չի եղել:

Ոստիկանությունը պնդում է, որ իր գործողությունները ճիշտ են եղել: Ոստիկանության տվյալներով անկարգությունների հետեւանքով, ընդհանուր առմմբ, տուժել է 30 մարդ, որոնցից 26-ը` ոստիկաններ: Ձերբակալվել է 55 մարդ: Երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնի գրասենյակը տեղի ունեցածը որակել է որպես «բացարձակ անընդունելի գործողություն»:

Ականատեսները դեպքի մասին պատմում են ակնհայտ վախով: «Այնքան շատ մարդ կորցրեց ամեն ինչ: Կարծես Երկրորդ համաշխարհային պատերազմն էր»,- Sky News-ին ասել է ականատեսներից մեկը: