Դալայ-լամայի քաղաքական հետնորդ Լոբսանգ Սանգայի երդմնակալության արարողությունը կայացել է Հնդկաստանի հյուսիսում` Դհարամսալա քաղաքի կենտրոնական տաճարում, հաղորդում է AsiaOne-ը:
«Տիբեթի արտաքսյալ կառավարության» նոր ղեկավարը 43-ամյա իրավաբան է, Հարվարդի դպրոցի աշխատակից, հաղթանակ է տարել մարտի 20-ին կայացած ընտրություններում:
Այն ժամանակ Դալայ-լաման հայտարարել էր իր վրայից Տիբեթի քաղաքական առաջնորդի լիոզորությունները վայր դնելու մասին հօգուտ ժողովրդավար ընտրված կառավարության, միաժամանակ շեշտելով, որ մնալու է տիբեթցիների հոգեւոր առաջնորդը: Դրանից հետո արտահերթ ընտրություններ կայացան, որոնց արդյունքում հաղթեց Սանգայը:
Նոր վարչապետն ընտրվում է 5 տարով:
Դալայ-լաման 1959-ից ապրում է Հնդկաստանում: Նրա խոսքով, իր նպատակն է ոչ թե Տիբեթի անկախությունը Չինաստանից, այլ լայն ինքնավարությունը: Չինաստանի իշխանությունները Տիբեթի բուդդիստների առաջնորդին «անջատողական» են համարում:




























